Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Հայաստանի շքեղ նվերը Նազարբաեւին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 12:24


Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ԵՏՄ Վեհաժողովում արած լուսանկարը, որի կենտրոնում Ղազախստանի նախագահ Նազարբաեւն է, իսկ հետեւի ֆոնին նշմարվում են Պուտինը, կարծես Սերժ Սարգսյանի ուրվագիծն ու հիմնականում թիկնապահներ, ստացվել է շքեղ՝ առանց չափազանցության:

Ի դեպ, անհրաժեշտ է արձանագրել, որ Դավիթ Հակոբյանի լուսանկարային պաշարում այդպիսի բնորոշման արժանի լուսանկարները բավական շատ են:

Նազարբաեւի լուսանկարը մեծ արձագանք է ստացել ղազախական մեդիայում եւ սոցցանցերում: Դավիթ Հակոբյանն այնտեղից իրեն ուղղված հարցերին նաեւ պատասխանել է, որ լուսանկարը պատահական է ստացվել, թեեւ այդպիսի լուսանկար ցանկանում էր անել վաղուց: Բայց նա ասել է, որ մտահղացել էր այդպես լուսանկարել Սերժ Սարգսյանին, նկատել էր լուսային լավ ֆոնը եւ դիրքավորվել կենտրոնում, պարզապես Սերժ Սարգսյանն ավելի ուշ է մտել դահլիճ, առաջինն անցել է Նազարբաեւը եւ դարձել շքեղ լուսանկարի հերոս:

Այսպիսով, Հայաստանի նախագահի լուսանկարիչը պատահական, բայց շքեղ նվեր, հաճելի անակնկալ է մատուցել Ղազախստանի նախագահ Նազարբաեւին:

Անկասկած չարժե այն քաղաքականացնել: Բայց, մյուս կողմից, այդ նվերը, անակնկալը խիստ խորհրդանշական է, հաշվի առնելով այն, որ Ղազախստանի նախագահն ինքը մի քանի անգամ բավական տհաճ անակնկալ է մատուցել Սերժ Սարգսյանին, նույն ԵՏՄ համաժողովներում, նաեւ մի շարք այլ քաղաքական իրավիճակներում: Օրինակ, Մոսկվան հավաստիացնում էր, թե Նազարբաեւն է առաջարկել Ալիեւին չնեղացնելու համար տեղափոխել 2016 թվականի ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը:

Բայց, քենի փոխարեն, Հայաստանը պատասխանում է բարությամբ, այն էլ շքեղ բարությամբ: Ի վերջո, լուսանկարը կարող էր եւ չհրապարակվել, Նազարբաեւին եւ ղազախներին այսպես ասած առանձնապես հաճույք չպատճառելու համար, չտալով նրանց այդ առիթը, առավել եւս, որ լուսանկարի ղազախական մեկնաբանություններում նկատելի են Նազարբաեւի ԱՊՀ լիդերության մասով ոգեւորիչ գրառումներ:

Բայց Երեւանը որոշել է չարգելափակել մարդկային ստեղծագործական ներուժի այդ հաջողված դրսեւորումը, այլ կերպ ասած մարդասիրությունը չսահմանափակել քաղաքական նախասիրությամբ կամ եսասիրությամբ:

Ինչ կմտածի այդ առիթով Նազարբաեւը, դժվար է ասել: Նա իհարկե փորձառու, հարուստ կենսափորձով գործիչ է, եւ լուսանկարը նրան թերեւս կտա մտորելու առիթ: Նրա կենսափորձով գործիչների համար այդօրինակ լուսանկարները աչքի համար հաճելի, սակայն սնապարծության կամ փառասիրության աղբյուր չեն, այլ թերեւս փիլիսոփայական մտորումների տեղիք:

Այդ իմաստով, հայկական լուսանկարի մեծությունը թերեւս ընդգծում է հետխորհրդային կամ եվրասիական տարածքում Ղազախստանի քաղաքականության «փոքրոգությունը», համենայն դեպս Հայաստանի հանդեպ, որ դրսեւորվել է անցնող տարիների ընթացքում:

Նազարբաեւը չի թաքցրել եվրասիական տարածաշրջանի առաջնորդության հավակնությունը, եւ նրա այդ հավակնությունը գուցե ունի հիմքեր, հաշվի առնելով եւ այն, որ նա իսկապես տիտանական ջանքով փորձում է կերտել Ղազախստան պետություն, պետական ինքնություն: Բայց նրա եվրասիական քաղաքականությունը ամենեւին չի համապատասխանել առաջնորդության հատկանիշների, այդ թվում Հայաստանի մասով:

Անկասկած միամտություն է կարծել, թե մեկ լուսանկարը կփոխի այդ քաղաքականությունը: Բայց գուցե կտա դրա մասին մտածելու ավելի շատ առիթ, քան օրինակ հայ-ղազախական որեւէ մակարդակի որեւէ բանակցություն:

Ի դեպ, Նազարբաեւին թերեւս արժե զգուշանալ, քանի որ հավանական է Ալիեւը կսկսի հետապնդել նրան՝ «կոնտրլուսանկար» անելու անհագ ձգտումով: Չի բացառվում, որ դրա համար Ադրբեջանը նույնիսկ որոշի անդամակցել ԵՏՄ-ին, կարծելով, որ այդպիսի լուսանկարներ կարող են ստացվել միայն ԵՏՄ Վեհաժողովների ընթացքում:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com