Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Շարմազանովի անսպասելի առաջարկը ռուսներին

Lragir.am
Հասարակություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 19:35


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում:

Շարմազանովն իր խոսքում մասնավորապես նշել է որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»:

Նշելով, որ բազմաթիվ նշանավոր հայեր դարեր շարունակ Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից են եղել՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար եւ պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: Նա առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Դժվար է ասել՝ արդյոք նրա առաջարկը կընդունվի, թե ոչ: Ռուսաստանում խնամքով մոռացության են տալիս «նշանավոր հայերին», որոնք ահռելի դեր են խաղացել ռուսական պետության կյանքում: Խնդիրն այն է, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության «գաղափարական» հիմքն այն է, որ Հայաստանը, հայերը ոտքով-գլխով պարտական են իրենց փրկության համար: Պետք է ասել, որ դա աշխատել է, հայության մեջ այդ գաղափարը ներկայում էլ շարունակում է կենսունակ մնալ:

Ընդունել հայերի դերն ու ներդրումը՝ նշանակում է խարխլել այդ քաղաքականությունը: Իսկ այդ դերն ու ներդրումն ահռելի են, ընդ որում՝ ամենասկզբից, երբ Բյուզանդիայի հայկական կայսերական դինաստիան փաստացի հիմք դրեց Ռուսական պետության ստեղծմանը:

Ինչ վերաբերվում է Լոռիս-Մելիքովին, նրա դերն ընդհանրապես անգնահատելի է: Ռուսները խոսում են Ստոլիպինի մասին, սակայն Լոռիս-Մելիքովի դերը որեւէ կերպ չի զիջում նրան, եթե ոչ ավելին: Նրա բարենորոգչական գործունեության շնորհիվ Ռուսաստանը փրկվեց պետական աղետից, հատկապես մի ցարից մյուսը իշխանության անցման շրջանում, երբ նա փաստացի գլխավորեց պետությունը, եւ սկիզբ դրվեց Ռուսաստանի արդիականացմանը բոլոր ոլորտներում:

Հիմա ո՞վ է հիշում Լոռիս-Մելիքովի գործունեությունը, այլ ականավոր հայերի դերը Ռուսաստանում: Ռուսների համար երեւի ամոթ էլ է դա խոստովանելը, բայցեւ վտանգավոր՝ կարող է հանկարծ պարզվել, որ իրենք են պարտական հայերին, կամ համենայնդեպս հայերը լիուլի հատուցել են «փրկության» համար:

Այս ֆոնին, Շարմազանովի առաջարկը կարող է նախադեպ դառնալ: Ի վերջո, պետք է դուրս գալ «հավերժ պարտականի» ստրկացուցիչ մտածողությունից, որը հանրային-պետական կյանքում, միջպետական հարաբերություններում բազմաթիվ արատների պատճառն է:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com