Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Սաակաշվիլի. «Ուժերի զարթոնք». հատված ինքնակենսագրական գրքից

Lragir.am
Հասարակություն - Կիրակի, 04 Փետրվարի 2018, 19:53


Փետրվարի 8-ից գրախանութներում կլինի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուշերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանությունը։ Ներկայացնում ենք «Վարդերի հեղափոխությունը» գլխի երկրորդ հատվածը (առաջին հատվածը՝ այստեղ

Խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2003 թվականի նոյեմբերի 2-ին։

Մեր հակառակորդները մեզ ահագին գովազդեցին` ամբողջ ընթացքում հարձակվելով մեզ վրա։

Շևարդնաձեն շատ երկար էր եղել իշխանության ղեկին։ Վրաստանում աճել էր մի ամբողջ սերունդ, որ չգիտեր՝ ինչ բան է կյանքն առանց Շևարդնաձեի։

Մենք ամենաակտիվն էինք։ Երկրի զարգացման մեր տեսլականը փորձում էինք հասցնել որքան հնարավոր է մեծաքանակ մարդկանց։ Մենք ամենատարբեր տեղեր էինք գնում, այդ թվում՝ բնակեցված ազգային փոքրամասնություններով։ Մարնեուլի քաղաքային շրջանում 100.000-ից ավելի մարդ է ապրում` հիմնականում ադրբեջանցիներ։ Նրանք միշտ քվեարկում էին իշխանության օգտին։ Ընդդիմադիրներից մենք առաջինն էինք, որ մտանք այնտեղ։ Իշխանություններն սկսեցին սադրել։ Նրանց «տիտուշկեքը» [1] խփում էին մեզ քարերով, վառում էին մեր մեքենաները, այդ ամենը նկարահանում էր հեռուստատեսությունը։ Ամեն անգամ, երբ նրանք այդպիսի բան էին սարքում, դա մեզ համար մեծ գովազդ էր դառնում։

Աջարիան, որտեղ իշխում էր Ասլան Աբաշիձեն, պետություն էր պետության մեջ։ Այն վրացական իշխանությունը ճանաչում էր միայն խոսքերով։ Աբաշիձեն իրեն Աջարիայի ղեկավար էր անվանում, թեև Վրաստանում այդպիսի հաստիք նախատեսված չէր։ Շևարդնաձեն արարողակարգային ձևով այնտեղ երևում էր տարին մեկ-երկու անգամ, և այնտեղի հետ այլևս առանձնապես կապ չէր ունենում։ Աբաշիձեն սկզբունքորեն չէր գալիս Թբիլիսի։

Այնտեղ կատարյալ բռնապետություն էր, ոչ ոք անգամ մատը շարժելու իրավունք չուներ։

Աբաշիձեի «սահմանապահները» ստուգում էին մտնող ցանկացած մեքենա։ Ով իրենց դուր չէր գալիս, պարզապես չէին թողնում։ Ես այնտեղ «պերսոնա նոն-գրատա» էի։ Եվ ահա մենք Աջարիա գնացինք ամբողջ կուսակցությունով։ Ես պառկեցի փիքափի մեջ՝ հետևի կողմից, մեր զուգդիդական կառույցի ղեկավարի որդի Ալիկ Քոբալիան ծածկեց ինձ քաթանով։ Այդ մեքենայով նա արդեն մի քանի անգամ անցել-դարձել էր «սահմանապահների» մոտով, ու մեքենան այս անգամ առանձնապես չստուգեցին։ Մնացած կուսակցականներին՝ 300-400 հոգու, մենք անցկացրինք զբոսաշրջիկների անվան տակ։ Եվ հենց Բաթումիի կենտրոնում հանրահավաք արեցինք։

Աբաշիձեն իր «տիտուշկեքն» ու իր «Բերկուտն»[2] ուներ, որին հատուկ նշանակության ջոկատ էին անվանում, ու նրանք չզսպեցին իրենց, որոշ ժամանակ անց պարզապես վայրենաբար ջարդեցին ցուցարարների մեծամասնությանը, ջախջախեցին երեսները, ձերբակալեցին 50 հոգու։ Մենք դուրս պրծանք ու վերադարձանք ինչ-որ գաղտնի արահետներով... Բայց դա տեսավ ողջ Վրաստանը, ու մարդիկ խիստ վրդովվեցին, այնպես որ՝ դրանից հետո ոչ ոք չհամարձակվեց այդպիսի բաներ անել։

Իշխանության նմանատիպ գործողությունների հետևանքով մեր ժողովրդականության աստիճանն արագ աճեց, որովհետև մենք միակը դուրս եկանք, որ չէինք վախենում։ Արդյունքում՝ ընտրություններին առաջին տեղը գրավեցինք։ Մյուս բոլոր կուսակցությունները, որոնցից Վրաստանում շատ կար, այնպես, ինչպես հիմա Ուկրաինայում, պահպանում էին իշխանության հետ պար բռնելու ավանդույթը, կամ պարզապես իշխանական նախագիծ էին։ Բոլորը կարծում էին, որ մենք ևս մնալու ենք մեզ հատկացված ինչ-որ մակարդակում։ Իսկ մենք բացարձակ «առանց արգելակների» խումբ էինք, բայց միևնույն ժամանակ՝ առաքինի և պատշաճ, իշխանության ղեկին աշխատելու փորձով։ Մեր ցուցակում մի քանի նախկին նախարարներ, նախկին փոխնախարարներ, նահանգապետներ կային։ Մենք խորհրդարանում աշխատելու մեծ փորձառությամբ պատգամավորներ ունեինք, որոնք բարեփոխումների հեղինակներ էին. ու մարդիկ տեսնում էին դա։

Ժվանիան առանձին կուսակցություն ուներ։ Ի սկզբանե նրանք շատ ավելի բարձր վարկանիշ ունեին, բայց նրանք չափված-ձևված էին։ Իսկ ինձանով մարդկանց վախեցնում էին։ Հեռուստատեսությունը իշխանության կողմից էր, Ժվանիայի կողմից։ Բայց հեռարձակողները չէին կարող անտեսել այն փաստը, որ Բաթումիում մի ժամում 500 մարդու են ջարդել։ Դա ցույց չտալն անհնար էր։ Մերը փոքր երկիր է, նորություններն արագ են տարածվում նույնիսկ առանց Ֆեյսբուքի։

Արդյունքում՝ Ժվանիան ու Բուրջանաձեն, որ նրա հետ էր, ստացան ձայների ընդամենը 6%-ը։

Մեր կարգախոսն էր՝ «Վրաստանն առանց Շևարդնաձեի»։ Ես այն փոխառել էի ուկրաինացիներից։ Հիշո՞ւմ եք «Ուկրաինան առանց Կուչմայի»-ն։ Այդ կարգախոսն աշխատեց, քանի որ ոչ ոք նմանատիպ բան չուներ։ Մնացած բոլորը շարժվում էին հիմար կարգախոսներով. «Ոտքի կանգնեցնենք տնտեսությունը», «Զարգացնենք արդյունաբերությունը», «Կրճատենք կոռուպցիան» և դրա նման այլ բաներ։ Իսկ մենք հստակ բացատրեցինք. բոլոր խնդիրները բխում են Շևարդնաձեից։

Մենք գրավեցինք առաջին տեղը։ Բոլոր էքզիթ-փոլերը մեզ 30% էին տալիս։ Երկրորդ տեղում Շևարդնաձեի կուսակցությունն էր, երրորդում՝ Աբաշիձեինը։ Եվ այդ ժամանակ իշխանությունները որոշեցին սարսափելի կեղծիքի դիմել. առաջին տեղ բերեցին Աբաշիձեին, երկրորդ տեղում Շևարդնաձեն էր և երրորդում՝ մենք։

Եվ նկարեցին մեզ համար 17%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ երկար էր «հաշվում»։ Այդ պատճառով էլ մենք փողոցային ակցիաներ սկսեցինք՝ սկզբում ոչ շատ մարդաշատ։ Մարդիկ դեռ հույսները չէին կորցնում։ Դուրս էինք գալիս փողոց, հետո նորից թայմ-աութ վերցնում։ Երբ ընտրական հանձնաժողովը հայտարարում էր հերթական հիմարությունը, նորից դուրս էինք գալիս։ Զուգահեռաբար ընթանում էին քաղաքական ուժերի բանակցությունները։

Երբ մենք սկսեցինք դուրս գալ հանրահավաքների, ամերիկացիներին դա ընդհանրապես դուր չեկավ։ Ամերիկյան իշխանության ներկայացուցիչներն իմ ծանոթների միջոցով փոխանցում էին, որ մենք պետք է անհապաղ դադարեցնենք հանրահավաքները, քանի որ դա բռնությունների կհանգեցնի, որից կօգտվի Ռուսաստանը։ Դե, դա շատ ծանոթ է նաև Ուկրաինայից։ Մենք միևնույն է շարունակում էինք հանրահավաքներ անցկացնել, բայց ես Սպիտակ տան ապարատում աշխատող իմ ընկեր Մեթ Բրայզայի միջոցով Ամերիկայի կառավարությանը տեղյակ էի պահում։ Դեսպան Ռիչարդ Մայլզը իր տանը երկու անգամ ինձ համար բանակցություններ կազմակերպեց պետնախարարի հետ, որն այդ ժամանակ կառավարության գլուխն էր:

Ամերիկացիները համոզում էին ինձ համաձայնել երկրորդ տեղին։ Նրանք պատրաստ էին ճանաչել կեղծիքը, բայց, այսպես ասած, մասամբ։ Ինչին ի պատասխան ես ասացի. մենք առաջին տեղում ենք, ինչո՞ւ ես պիտի համաձայնեմ երկրորդին։ Երկիրը պահպանելու համար աջարացիներին պետք է առաջին տեղ թողնել, պատասխանում են ամերիկացիք, հակառակ դեպքում անջատողականություն կլինի, ու Վրաստանը կքանդվի։ Էդ կարգի պրագմատիկ հակափաստարկներ ժողովրդավարության դեմ։ Այդ դեսպանն իր զրպարտագրերում գրում էր. «խելագար Սաակաշվիլին ու իր ընկեր «կոկեր-սպանիել» Մեթ Բրայզան»։ Այդ էր պակաս, որ ես լսեի նրան։ Այդ ժամանակ Վրաստանն առհասարակ գոյություն չէր ունենա։ Դա հիանալի օրինակ է այն բանի, որ պետք չէ լսել բոլորին անխտիր։ Ես հետո որտե՞ղ գտնեի այդ դեսպանին, ինչ-որ համալսարանում դասախոսություն կարդալի՞ս։

Մենք պայմանավորվածության չեկանք։

Նրանք հավաքեցին խորհրդարանը, հայտարարեցին արդյունքները։ Մեզ 3-րդ տեղում էին նկարել։ Եվ այդ ժամանակ ես ուղևորվեցի Վրաստանի ծայր-արևմուտք։ Վրաստանի Արևմուտքը շատ նման է Ուկրաինայի Արևմուտքին. այնտեղ ամենածայրահեղական մարդիկ են, ամենից հայրենասիրական տրամադրվածությամբ։

Ծալենջիխայում, որը Սվանեթի ու Աբխազիայի միջև է ընկած, մենք ավտոբուսներ հայթայթեցինք։ Այդ հնարքը ես փոխառել էի սերբերից։ Մինչ այդ ես ուղևորությամբ եղել էի Բելգրադում, որտեղ ծանոթացել էի Ջինջիչի ու «Օտպորի»[3] անդամների հետ։ Այդ երիտասարդական նախաձեռնության գլուխգործոցներից մեկն այն էր, որ նրանք կազմակերպել էին Սերբիայի գյուղական շրջաններից Բելգրադ հասնելը։ Մենք որոշեցինք դրա պես մի բան անել։ Ես սկսեցի արևմուտքից, իսկ իմ մարդկանցից մի քանիսին ուղարկեցի Վրաստանի արևելք։ Մենք նստեցինք ավտոբուսներն ու շարժվեցինք Թբիլիսի։ Գաիշնիկները կրակեցին արևելքից եկող ավտոշարասյան անիվներին, ինչը է՛լ ավելի գրգռեց ժողովրդին։ Մենք կանգ էինք առնում, ճամբար խփում, մեր շուրջը մարդիկ էին հավաքվում, մենք էլի էինք ավտոբուսներ գտնում, մարդիկ իրենք էին վճարում դրանց համար, հետո նստում ու շարժվում էինք առաջ։ Հետո նորից էինք կանգ առնում իջևանատանը, ու ամենը կրկնվում էր, ինչպես նախորդ տեղերում։ Այդ ամենը տևեց մի շաբաթ։

Իշխանությունները չէին կարող մեզ չթողնել Թբիլիսի։ Վերջում արդեն մեր շարասյունը պատկառելի տեսարան էր։ Ինչ-որ լուսանկարիչ Մցխեթից՝ սարի վրայից, որտեղ Սուրբ Խաչի եկեղեցին է, նկարել էր լուսավորված այդ ահռելի շարասյունը, որ սկիզբ ու վերջ չուներ։ Մայրաքաղաքում, որտեղ հաճախ էր այդպես լինում, հենց այդ պահին անջատեցին էլեկտրականությունը։ Թվում էր, թե քաղաք է մտնում մի իսկական հրե բանակ, և դա արդեն ուղիղ եթերում էր։ Բնականաբար, Թբիլիսին, որ առաջ թերահավատորեն էր տրամադրված, արդեն «բռնկվել» ու դիմավորում էր մեզ իբրև ազատագրողների։

Մենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրինք ու գնացինք նախագահի գրասենյակ։ Մեզ դիմավորեցին հատուկջոկատայիններն ու սկսեցին մեզ վրա ծխային նռնակներ նետել։ Խուճապ սկսվեց, բայց շատերը, այնուամենայնիվ, գնացին առաջ ու ճեղքեցին ծխե վարագույրը։ Հատուկ ջոկատը ցրվեց, ու մենք ներս մտանք։

Մեր կուսակցության գրասենյակը խորհրդարանից 300 մետրի վրա էր։ Այնտեղ խոսակցություն ունեցա Ժվանիայի ու Բուրջանաձեի հետ։ Ժվանիան ասում էր, որ առաջ գնալ չի կարելի, որ, եթե մենք մուտք գործենք խորհրդարան, արյունահեղություն կսկսվի, իշխանությունները կրակելու են, չէ՞ որ դա պետական հեղաշրջման փորձ է։ Հարկավոր է իշխանությունների հետ բանակցել ամերիկացիների կամ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, առավել ևս, որ ամերիկացիներն առաջարկել են հաջորդ շաբաթ մեզ հավաքել Վաշինգթոնում կամ Թբիլիսիում։ Բուրջանաձեն Ժվանիայի կողմից էր։ Ես պատասխանեցի, որ այդպիսի խոսակցությունների ժամանակ չունեմ և գնում եմ խորհրդարան. «Դու կամ գալիս ես ինձ հետ, կամ կորցնում ես քո շանսը,- ասացի Բուրջանաձեին,- դու խորհրդարանի նախագահն ես ու պարտավոր ես մտնել դահլիճ նախքան նոր նախագահ կընտրեն։ Հակառակ դեպքում կես ժամից դու չես լինի խորհրդարանի գլուխը»։

Խորհրդարանի դիմաց դիմակավորված հատուկջոկատայինները լիքն էին։ Մենք գիտեինք, որ ջոկատայինները բարոյալքված վիճակում են։ Նրանց չէին վճարել աշխատավարձերը, ուտելու ոչինչ չունեին, և մենք կերակրում էինք նրանց, սնունդ էինք ուղարկում։ Դիմակով հատուկջոկատայինը կանգնեց ճանապարհիս ու սկսեց բղավել ինձ վրա։ Ես ճանաչեցի նրան՝ ներքին գործերի նախարարին։ Նշանակում է՝ գործերը վատ էին, եթե անձամբ նախարարն էր ստիպված նրանց սթափեցնել։ Ես պատռեցի նրա դիմակն ու սկսեցի վիճել հետը տեսախցիկների առաջ, ինչից հետո մի կողմ հրեցի։ Նա ոչինչ չկարողացավ անել։

Հատուկջոկատայինները նահանջեցին, իսկ մենք անցանք դեպի խորհրդարանը։ Եվ այդ պահին ասացի, որ վարդեր են հարկավոր։

Խորհրդարանի շենքը հսկայական էր, հին՝ դեռ 30-ականներին կառուցված։ Եվ երբ 15 հազարանոց ահռելի թափորը մտավ բակ, տանիքում դիմակով ու հրացաններով դիպուկահարների տեսանք։ Բոլորը քարացան կրակոցների սպասումով։ Իսկ ես առջևում էի ու գլխի ընկա՝ վերև նայեցի ու ձեռքով արեցի նրանց, նրանք ի պատասխան ձեռքով արեցին։ Ես դարձա մարդկանց ու ասացի. «Վե՛րջ, գնացինք»։

Դահլիճի մուտքի մոտ ճանապարհս չորս ավտոմատավորների հետ կտրեց Բարձրագույն դատարանի նախագահի առաջին տեղակալը՝ խիստ կոռումպացված մի մարդ, իսկական մաֆիայի կնքահայր։ Ասում է. «Մի՛շա, վերջդ եկել է»։ Իսկ ես՝ ի պատասխան. «Դո՞ւ որտեղից ծլեցիր», հետո դարձա ուղեկիցներիս ու ասացի. «Սրանց զինաթափե՛լ, իսկ նրան հանեք բակ ու գնդակահարե՛ք»։ Էդ տեղակալը գույնը գցեց ու սկսեց բղավել. «Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասե՜լ»։ Իմ բլեֆն աշխատեց։ Ավտոմատավորները փախան, իսկ մենք ներխուժեցինք դահլիճ։

Շևարդնաձեն հենց այդ պահին պատրաստվում էր հայտարարել, որ ինքը բացում է խորհրդարանը, ու ընտրությունների արդյունքները մտնում են ուժի մեջ։ Մեզ տեսնելով նա պարզապես կորցրեց խոսելու ունակությունը։ Ես սկսեցի գոռալ, որ նա պետք է հրաժարական տա, բայց վատ էր ստացվում՝ գրեթե ձայն չունեի։

Որոշ պատգամավորներ զինված էին, իսկ վերևում ավտոմատներով դիրքավորվել էին թիկնապահները։ Բայց մենք այնքան ագրեսիվ ու ոգևորված էինք, որ երբ առաջ շարժվեցինք, թիկնազորը գրկեց Շևարդնաձեին ու փախցրեց։ Դա ստանդարտ ռեակցիա է վտանգի դեպքում, բայց հեռուստացույցով փախուստի պես էր դիտվում։ Նա պարզապես շփոթահար էր։

Խորհրդարանի հակառակ կողմում հրապարակը լիքն էր «տիտուշկեքով», որոնց Բաթումիից էին բերել։ Նրանց առաջադրանքը խաղաղ ցուցարար խաղալն էր, որպեսզի ուրիշ ոչ ոք չզբաղեցներ այդ հրապարակը։ Դա անթույլատրելի իրավիճակ էր։ Պատկերացրեք, որ Կիևի կենտրոնում հրապարակը զբաղեցնեին դոնեցկցիները։ Աբաշիձեի կողմնակիցներին Թբիլիսիում չէին սիրում, բոլորը գիտեին, որ հանրահավաքը վճարված է։ Երբ թիկնապահները փախցրին Շևարդնաձեին, նստեցրին մեքենան ու տարան, աջարացիները տեսան, որ այն գլխավորը, որին իրենք պաշտպանում էին, փախավ, ու մի քանի րոպեի ընթացքում հօդս ցնդեցին։

Մենք չգիտեինք՝ ինչ անել հետո։ Հայտնվելով իր նստավայրում՝ Շևարդնաձեն հայտարարեց, որ սա պետական հեղաշրջում է։ Նա ռազմական դրություն մտցրեց և հրաման տվեց բանակին՝ մաքրել խորհրդարանը։ Թբիլիսիի կենտրոնից ոչ հեռու տեղակայված զորամասից ութ ԲՏՌ դուրս եկավ։ Եվ այնպես ստացվեց, որ առաջին ԲՏՌ-ը մխրճվեց մի մեքենայի մեջ, որով նորապսակ զույգ էր գնում։ Մյուսները կանգ առան ու առաջ չշարժվեցին։ Պաշտպանության նախարարը դադարեց կատարել նախագահի հրամաններն ու ենթականերին հրամաններ տալ։ Շևարդնաձեն խաղաղ հեռացավ ոչ այն պատճառով, որ ուզում էր հեռանալ. պարզապես այլևս ոչ ոք չէր կատարում նրա հրամանները։

Մենք այդ մասին ոչինչ չգիտեինք։ Ես համոզեցի Բուրջանաձեին իրեն հայտարարել նախագահի պաշտոնակատար, քանի որ նախագահն անգործունակ է։ Ինչ-որ պահի Ժվանիան ինձ ու Բուրջանաձեին մի կողմ տարավ ու ասաց. «Տղե՛րք, մենք պարտվել ենք, վերջներս եկել է»։ Ես գոռացի նրա վրա. ի՞նչ էր դուրս տալիս։ Իսկ նա՝ ի պատասխան. «քիչ ենք, հիմա կգան ու բոլորիս կձերբակալեն»։

Ինձ արթնացրին առավոտ հինգին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովն էր եկել։ Նա նախօրեին էր վայրէջք կատարել, բայց օդանավակայանից միանգամից ուղևորվել էր իր ընկեր Պատարկացիշվիլու մոտ։ Ինչպես հետո պատմում էին ինձ, Իվանովն այնտեղ ամենաքիչը մեկ շիշ վիսկի է խմել։ Դրանից հետո զանգել է Շևարդնաձեին, պարզել, որ քնած է, ու որոշել է այցելել ցուցարարներին։ Խորհրդարանի դիմացի հրապարակում նա բարձրացել է հարթակ ու մաքուր վրացերենով հանդիսավոր խոսք արտասանել՝ Մոսկվայի կողմից ակնհայտորեն չարտոնված. «Կեցցե՛ ազատությունը և կեցցե՛ հեղափոխությունը»։

Իվանովի մայրը վրացուհի է՝ Կախեթից։ Լավրովը, ի դեպ, ևս Վրաստանից է. ծնվել ու մինչև 16 տարեկանը մեծացել է Թբիլիսիում։ Պրիմակովը մանկության տարիներին ապրել է Թբիլիսիի այն նույն փողոցում, որտեղ ես եմ ծնվել, և ամուսնացած է եղել վրացուհու հետ։ Եթե Շևարդնաձեին էլ հետը հաշվենք, Ռուսաստանը ունեցել է ծնունդով Վրաստանից արտաքին գործերի չորս նախարար։

Իվանովի հետ բարձրացանք Բուրջանաձեի մոտ։ «Տղե՛րք, էս ի՞նչ հիմարություն եք սարքել էստեղ։ Ձեր հին ընկերոջը՝ Իգոր Իվանովին, կանչեիք, ու ես ամեն ինչ կհարթեի,- սկսեց նա,- Նի՛նա, ուզում ես խորհրդարանի նախագա՞հ մնալ, կլինե՛ս, տղե՛րք, դուք էլ եք պաշտոն ուզում, կստանաք էդ ք...ած պաշտոնները»։ Բուրջանաձեն սկսեց ընդդիմանալ՝ ինչպե՞ս է նա համարձակվում մեզ հետ այդպես գռեհիկ խոսել։ Ես բզում եմ նրան, թե՝ ձե՛նդ կտրի, հիմա դրա ժամանակը չէ, չե՞ս տեսնում՝ մարդը խմած է։ Կարևորը, որ նա հանդարտ հեռանա ու մեզ հանգիստ թողնի։ Մի խոսքով, ասում է Իվանովը, դուք, տղե՛րք, մի՛ հիասթափվեք, ես շատ եմ հոգնել, հանգստանամ ու ձեզ հետ ամեն ինչ կպարզեմ։

Լուսաբացից մարդիկ սկսեցին շարժվել կենտրոն՝ ի աջակցություն մեզ։ Ամբողջ զինվորական զորամասեր հայտարարում էին, որ չեն ենթարկվում Շևարդնաձեին։ Իշխանության շուրջն ամեն բան սկսեց տապալվել։

Շևարդնաձեի անվտանգության պետը հանդիպում խնդրեց ինձանից։ Նա ասաց. «Ծերուկն ուզում է հեռանալ, նրան հանգիստ թողեք, արի սա ինչ-որ կերպ խաղաղությամբ լուծենք»։ Ես պատասխանեցի. «Լա՛վ, հնարավոր է»։ Նա ասում է. «Եկեք նրա մոտ՝ նստավայր»։

Բուրջանաձեի ամուսինը (նա սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալն էր) ասաց, որ դա ծուղակ է, բոլորիս այնտեղ կձերբակալեն ու կգնդակահարեն։ Այդ պատճառով Բուրջանաձեն չեկավ։ Երեկոյան իննին ինչ-որ տեղից հայտնվեց Իվանովը։ Նա արդեն լրիվ ուշքի էր եկել։ Առավոտվա ջան ու ջիգյարից հետք անգամ չէր մնացել։ Նա պաշտոնական էր և խիստ։

Իվանովն ասաց, որ կգա մեզ հետ։ «Իգո՛ր, Դուք ախր հասկանում եք՝ նա հրաժարական է տալու, Ձեզ համար անհարմար կլինի»,- առարկեց Ժվանիան։ Իսկ Իվանովը. «Ի՞նչ հրաժարական, ո՞վ է ձեզ թույլ տվել։ Ոչ մի տեղ էլ նա չի գնում։ Մենք այդպես չենք պայմանավորվել։ Մենք հիմա գնում ենք և այնտեղ կպայմանավորվենք։ Վե՛րջ։ Ես գալի՛ս եմ ձեզ հետ»։ Իվանովը թռավ Ժվանիայի մեքենայի մեջ (ես առջևի մեքենայում էի), ու մենք գնացինք։

Ներս մտանք, Իվանովը սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Շևարդնաձեն նրան ասում է. «Լսի՛ր, սպասի՛ր հարևան սենյակում, հիմա քո հավեսը չկա»։ Նա լսեց ու հեռացավ։ Երբ Շևարդնաձեն դարձավ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար, Իվանովը նրա օգնականն էր, հետո աշխատակազմի ղեկավարն ու նախարարի տեղակալը։ Այդ պատճառով էլ Շևարդնաձեն նրան մի փոքր «վերևից» էր նայում։

Ես ասացի Շևարդնաձեին, որ նրա հրաժարականի մասին մեր պահանջն ուժի մեջ է։ Նա պատասխանեց, որ կհեռանա։ Ժվանիան, երևում է՝ իրադրությունը լիցքաթափելու համար, խոստացավ հաճախ այցելել նրան՝ խորհուրդներ ստանալու։ Իսկ Շևարդնաձեն բարձրացրեց գլուխն ու ասաց. «Եթե ես մի երկու ամիս չլինեմ ակտիվ քաղաքականության մեջ, ոչ մի լավ բան չեմ կարող ձեզ խորհուրդ տալ»։ Այդ պահին ներս վազեց Իվանովը՝ ասելով, որ ոչ ոք այդպես չէր պայմանավորվել, բայց մենք արդեն ընդունել էինք Շևարդնաձեի հրաժարականը։

Մենք անմիջապես նախագահական ընտրություններ հայտարարեցինք։

Գանձարանը դատարկ էր, էլեկտրականությունն ընդհատումներով էր մատակարարվում, ինչ-որ մեկը երկաթգծի վրա պայթյուններ էր կազմակերպում։ Մեր առաջին խորհրդակցությունը վերաբերում էր էներգետիկային։ Մեր ողջ էներգամաֆիան եկել էր հեքիաթ պատմելու։ Բայց մենք արդեն գիտեինք՝ ինչն ինչոց է։

Ամանորը Թբիլիսիում լրիվ խելահեղ էր։ Սարսափելի մութ էր, բայց փողոց էին դուրս եկել ժողովրդի մեծ թափորներ։ Բեմ դուրս եկան ռոք խմբեր, իսկ օդում կախված էր ինչ-որ նոր բանի սպասումը։ Դա արդեն ուրիշ երկիր էր ու լրիվ այլ հոգեբանություն՝ չնայած մթությանը, խամրած հագուստին ու համատարած կեղտին։

2004 թվականի հունվարի 4-ին իմ օգտին քվեարկեց ընտրողների գրեթե 97%-ը։ Ինձանից բացի առաջադրվել էին մի նախկին նահանգապետ ու երբեմնի ժողովրդականություն վայելող լեյբորիստական կուսակցության առաջնորդը։ Մարդիկ չէին ուզում լսել նրանց։ Հին քաղաքական դասը լրիվ ոչնչացած էր։

Թարգմանիչ՝ Մ. Նահապետյան
[1] Тітушки (ուկր.) - այս հասկացությունն առաջ է եկել 2013 թվականի մայիսին Ուկրաինայում։   Ցուցարարներն այդպես էին կոչում իշխանության վարձու գործակալներին, որոնք փորձում էին ուժային սադրանքների գնալ։ Բառը ծագում է սպորտսմեն Վադիմ Տիտուշկոյի ազգանունից, որը 2013-ի մայիսի 18-ին սադրիչների խմբով հարձակվեց հանրահավաքը լուսաբանող լրագրողների վրա։

[2] Ուկրաինայի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատ, որը բռնությամբ փորձում էր ճնշել Մայդանը։ 2014 թվականին՝ հեղափոխության հաղթանակից հետո, կառույցը լուծարվեց։

[3]  «Դիմադրություն» (սերբ. ОТПОР) – 1998 թվականին Սերբիայում սկիզբ առած երիտասարդական շարժում, որը, ի վերջո, 2000 թվականին հանգեցրեց նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականին։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com