Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Ռուսաստանից նոր հարձակում Նժդեհի արձանի եւ Հայաստանի վրա

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018, 17:34


Ռուսաստանից տեղի է ունեցել նոր հարձակում Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վրա: Այս անգամ հարձակում գործողը «հարբեցող» Մարկովը չէ, ինչպես փորձեցին բացատրել օրեր առաջ ծագած աղմուկը Հայաստանում: Այս անգամ հարձակումը գործել է ՌԴ պետդումայի վերին պալատի՝ Դաշնությունների խորհրդի անդամ, սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությամբ ընտրված Լյուդմիլա Կոզլովան:

Նա հոդված է հրապարակել Նեզավիսիմայա Գազետայում, որտեղ խոսում է ֆաշիզմի «հերոսացման» ալիքի մասին եւ դատապարտում այն, իսկ այդ ալիքի դրսեւորում դիտարկում նաեւ Երեւանում Նժդեհի արձանի տեղադրումը, ահազանգելով, որ Նժդեհի արձան են ուզում տեղադրել նաեւ Բուլղարիայում:

Հոդվածը գրել է Կոզլովան, կամ գրվել է նրա անունով, սկզբունքորեն էական չէ, քանի որ տվյալ պարագայում խոսքը Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի Վերին պալատի պատգամավորի մասին է, ինչը թերեւս պահանջում է Հայաստանից համարժեք արձագանք:

Կոզլովան մասնագիտությամբ բժիշկ է, ինչպես Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահ Արա Բաբլոյանը: Գուցե Բաբլոյանը «մասնագիտական» միջամտություն ցուցաբերի խնդրին եւ Կոզլովային հորդորի մնալ զուսպ:

Նկատելի է դառնում Ռուսաստանում, ընդհուպ Պետդումային Վերին պալատը ներառող, մի արշավ, որտեղ թիրախ է դառնում նաեւ Հայաստանում Նժդեհի արձանը, սակայն ոչ միայն արձանը, այլ նաեւ Հայաստանի պետական ինքնիշխանությունն ու արժանապատվությունը:

Եվ եթե իհարկե պետք չէր պատասխանել ամեն մի հարբեցողի, արդարացնելով նրա ադրբեջանական վարձատրությունը, ապա ՌԴ պետդումայի Վերին պալատի սենատորին անպատասխան թողնելը արդեն կլինի իրավիճակի անհամարժեքություն:

Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Նժդեհի արձանի դեմ հարձակումը ՌԴ պետական քաղաքականություն է: Խնդիրն այն է, որ այդ հարձակումը պահանջում է ՀՀ պետական քաղաքականություն նրանց հանդեպ, ովքեր իրագործում են այն:

Տվյալ պարագայում խոսել այն մասին, թե բանն ընդամենը ինչ որ պատգամավոր է, պարզապես ծայրահեղ անհամարժեքություն ու անհեթեթություն է, որովհետեւ ԵԽԽՎ-ում էլ, օրինակ, Ադրբեջանը գնում էր ընդամենը «ինչ որ պատգամավորների», որոնց անունները հայտնի էին դառնում խավիարային դիվանագիտության աղմուկից: Բայց Ադրբեջանի գնած այդ «ինչ որ պատգամավորները» Հայաստանի համար ստեղծում էին բավական խնդիրներ ու պատճառում տհաճություններ, եւ որեւէ մեկը չէր հորդորում այդ ամենն անտեսել, քանի որ ի վերջո դրանք չեն արտահայտում Բրյուսելի պաշտոնական դիրքորոշում:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՌԴ Պետդումայում կամ ընդհանրապես իշխող համակարգում կարող է պայթել «խավիարային դիվանագիտության» աղմուկ, բացահայտելով, թե Ռուսաստանի խորհրդարանական եւ գործադիր միջանցքներում քանիսին է գրպանել Ադրբեջանը: Բայց դա առավել եւս պարտադրում է Հայաստանին ցուցաբերել վերաբերմունք, այդ ալիքը կանխարգելելու համար, քանի դեռ այն չի ստացել այնպիսի ծավալ, երբ հնարավոր են շատ ավելի լուրջ խնդիրներ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com