Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

30 տարի առաջ այս օրը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը

Lragir.am
Հասարակություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 13:14


Այս օրը մեզ բաժանում է արդեն երեք տասնամյակ այն օրվանից, երբ սկիզբ դրվեց Ղարաբաղյան շարժմանը:

1988 թ-ի փետրվարի 12-ին Հադրութի հասարակությունը` շրջանի մյուս բնակավայրերի բնակչության օժանդակությամբ, կանգնեց ի պաշտպանություն ղարաբաղյան հարցի:

Այդ օրը՝ առավոտյան ժամը 11-ին, նախատեսվում էր ղարաբաղյան հարցի վերաբերյալ կոմկուսի շրջկոմի պլենումի անցկացումը: Բնակչության կողմից հարցն, ըստ էության, բարձրացված էր. ԼՂԻՄ-ում իրականացվել էր ոչ պաշտոնական հանրաքվե, որի արդյունքները Իգոր Մուրադյանի գլխավորած ԼՂԻՄ-ի առաջին պատվիրակությունը փոխանցել էր Մոսկվա` ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահություն:

Նշված պլենումը Հադրութում ընթանում էր ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Օսիպովի գլխավորությամբ: Իսկ այդ ամբողջ «կամպանիան», որն ուղղված էր ընդդեմ դեռևս սաղմնային վիճակում գտնվող Ղարաբաղյան շարժման, գլխավորում էր Ադրբ. ԽՍՀ Կոմկուսի երկրորդ քարտուղար Կոնովալովը:

Բոլորի համար պարզ էր, որ այդ օրը վճռական է լինելու թե´ շարժման ղեկավարների և սկսողների, թե´  ամբողջ ժողովրդի համար:Այդ պատճառով անհրաժեշտ էր դեռևս 1965–ից հայտնի պետական-կայսերական բռնաճնշման մեխանիզմին հակադրել այնպիսի ուժ, որն իր էությամբ ու մասշտաբներով կարողանար ոչ միայն դիմադրել պետական ճնշմանը, այլ նաև մարտի բռնվեր նրա հետ:

Բարեբախտաբար կայանալիք պլենումի և նախատեսվող որոշման մասին իմացվեց մեկ օր առաջ` փետրվարի 11-ին, և վճռվեց խոչընդոտել պլենումի անցկացմանը և նրա նշած որոշման  կայացմանը:

Հադրութի հույսը հասարակությունն էր: Այն արդեն մասնակցել էր խորհրդային  համակարգի բարձր ատյաններին ուղղված տարբեր բնույթի նամակների տակ ստորագրահավաքների մի շարք ակցիաներին՝ ընդդեմ Բաքվի կողմից հայ բնակչության իրավունքների նկատմամբ իրականացվող բռնաճնշման քաղաքականության, իհարկե նաև փաստացի անցկացրած ԼՂՀ Հայաստանին վերամիավորելու ռեֆերենդումին, և սեփական փորձով համոզվել էր, որ  ԽՍՀՄ-ում հայտարարված հեղափոխական «պերեստրոյկայի» և «գլասնոստի» օրոք բողոքներն ու դիմումները դրական արդյունք չեն տալիս: Ուստի նա պատրաստ էր արդեն քաղաքական միջոցներով արտահայտել իր բողոքը, վճռականորեն դիմադրել պետական կառույցների կողմից ընդդեմ շարժմանն ուղղված բռնություններին:

Մենք երեք-չորս անձով մուտք գործեցինք շրջկոմի շենք և պահանջեցինք, որ մեզ նույնպես իրավունք տրվի պլենումում ելույթ ունենալ: Մեր մյուս ընկերները սկսեցին ժողովրդին հրավիրել շրջկոմի շենքը:

Մոտավորապես ժամի 2-ին շրջկոմի շենքի մոտ այնքան մարդ էր կուտակվել, որ պլենումի անցկացումը նախատեսված արարողակարգով պարզապես դարձավ անհնար:

Ժամը վեցի մոտ այնքան մարդ էր հավաքվել, որ հնարավոր դարձավ արդեն բողոքի հանրահավաքի կազմակերպումն ու անցկացումը: Հանրահավաքի մասնակիցները սկսեցին պահանջել պլենումի արձանագրությունը: Առաջարկը մերժվեց: Դրան ի պատասխան հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ շենքից դուրս չեն թողնի պլենումն անցկացրած Օսիպովին, մինչև իրենց չտրամադրվի պլենումի արձանագրությունը:

Մինչ երեկոյան ժամի 9-ը հանրահավաքը համալրվեց Տողի, Դոլանլարի և շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներով:

Իսկ Օսիպովին օգնության հասավ Ստեփանակերտից ուղարկված հատուկ մի խումբ` Մարզի ՆԳ վարչության պետը, Ա. Իսագուլովի գլխավորությամբ: Սակայն ժողովրդական այդ տարերքն այլևս հնարավոր չէր կանգնեցնել: Դա արդեն ապստամբ ժողովուրդ էր, որը բռնել էր իր ազատագրման պայքարի ուղին:

Հետագայում պայքարն ընդդեմ ժողովրդական ընդվզման սնուցվում, հրահրվում ու դաժանացվում էր Մոսկվայի կողմից, ինչը դրսևորվում էր նաև ադրբեջանցիների կողմից զանազան ուժային և ռազմական միջոցների կիրառումով: Այդ պարագայում էլ Ղարաբաղյան շարժումը կայացավ ու իր իրական էությամբ ձևավորվեց որպես ազգային-ազատագրական պայքար, որը ենթադրում է համընդհանուր` նաև քաղաքական ազատագրում:

Ղարաբաղյան շարժման նման սահմանմանն ու ընկալմանը միշտ դեմ են եղել նրանք, ովքեր շարունակել են մնալ կայսերական «կրնկի»  տակ: Եվ պատահական չէ, դրանց շարքերում են նաև այն անձինք, ովքեր դարձան Հայաստանի և Արցախի նախագահներ`ամենևին ոչ ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Ժողովրդի ազատ կամքը դեռևս մնում է բռնազավթված՝ իշխանավորների խավի կողմից: Ուրեմն իրական ազատագրումը հանդիսանում է մեր ազգի համար նրա ինքնության և, առհասարակ, գոյության կարևորագույն հարցը:

Բարեկամնե´ր, ընկերնե´ր, ապստամբության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առնչվում են 1988 թ-ի փետրվարի 12-ի օրվանը և նրանց, ովքեր իրենց մեջ կրում են  ընդվզումը որպես ազատագրական պայքարի ոգու անմար մի մասնիկ:

ԷՄԻԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, 12 փետրվարի, 2018 թ.

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com