Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Գավազանով հարված Նարեկացուն. Կաթողիկոսի 5 կգ ոսկուց նվերը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 15:06


Ռուսաստանահայ բարերար Գարուն Քոչարյանը Գարեգին Բ կաթողիկոսին է նվիրել մի գավազան, որը յուրահատուկ է եւ բաղկացած է 5 կգ ոսկուց, նաեւ թանկարժեք այլ քարերից: Գավազանն իսկապես տպավորիչ է, ինչի մասին է վկայում այն, թե ինչպիսի ուշադրությամբ ու հիացմունքով է այն զննում կյանքում շատ բան տեսած Գարեգին Երկրորդը:

Յուրահատուկ գավազանի նվիրաբերությունը լայն արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ օգտատերերը բնականաբար մատնացույց են անում պետության ու հանրության ներկայիս սուղ պայմաններում Եկեղեցապետի ընդունած շքեղ նվերի անպատեհությունն ու անհամարժեքությունը:

Եկեղեցապետն ինքը թերեւս մտածում է այլ կերպ, այլապես չէր լինի այդ շքեղ նվերը: Ոչ թե չէր ընդունի, այլ չէր լինի, որովհետեւ բարերարը հազիվ ինքնագործունեություն ծավալած լիներ, առավել եւս, որ նա յուրահատուկ աշխատանք հանդիսացող մի գավազան էլ նվիրել էր Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս սրբազանին, որը Ռուսաստանի թեմի առաջնորդն է: Այդ մասին հայտնվում է Կաթողիկոսին նվերի մասին տեղեկատվության մեջ:

Հավանական է նույնիսկ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Գարեգին Երկրորդը Եզրաս սրբազանի մոտ տեսել է գավազանը ու գուցե հարցրել, թե որտեղից, հայտնելով դրանից ունենալու ցանկություն: Դե, բարերան էլ իհարկե չէր կարող չնվիրել առավել շքեղ մի գործ:

Դա իհարկե ենթադրություն է, ամեն ինչ գուցե եղել է այլ կերպ: Վերջիվերջո, այսպես թե այնպես, գավազանի նվիրաբերումը թերեւս Գարուն Քոչարյանի անկեղծ սրտով արված նվերն է հայ եկեղեցուն: Ավելին, գուցե տասնամյակներ անց գավազանը դրվի սերունդներին ի տեսություն որպես թանգարանային նմուշ, պատմության ու ժամանակի ուժով մաքրվելով սոցցանցային դժգոհություններից: Վերջին հաշվով, ով գիտե, այսօր սերունդներին հիացմունք պատճառով թանգարանային մի շարք նմուշներ, որ պատկանել են արքաների, իշխանների ու եկեղեցապետերի, գուցե ժամանակին եղել են սոցիալ-հոգեբանական մթնոլորտի համեմատ ոչ պակաս անպատեհ ու անհամարժեք, քան այսօր ընկալվում է Գարեգին Երկրորդի ստացած գավազանը:

Մյուս կողմից, այստեղ էլ թերեւս մեկ այլ հարց է՝ գավազա՞նը կունենա ավելի դիտարժան ու կայուն տեղ ապագայում՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ անց, թե՞ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

Այդ տեսանկյունից, Գավազանի նվիրաբերումը տեղի է ունենում շատ ավելի մասշտաբային իրադարձությունից ընդամենը օրեր անց, որին մասնակցում էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսքը Վատիկանի այգում Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրման ու օծման մասին է, որ կատարվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ձեռամբ: Մինչ այդ, 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ, Գրիգոր Նարեկացին Վատիկանում պատարագի ընթացքում հռչակվեց Տիեզերական Վարդապետ:

Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը հոգեւոր, պատմա-քաղաքական եւ քաղաքակրթական կարեւոր մի իրադարձություն էր, որտեղ փայլում էր ոչ թե ոսկին, այլ Հայաստանը, հայկական քաղաքակրթությունը:

Ահա այդ համատեքստում է խիստ խորհրդանշական մի քանի օր անց Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարերար Գարունի 5 կգ ոսկի կրող գավազանի նվիրաբերումը, որը այլ բան, քան գավազանով հարված հայկական քաղաքակրթության վատիկանյան արձանագրմանը, թերեւս դժվար է որակել:

Իհարկե Վատիկանում հազիվ թե տեղեկանան գավազանի մասին, Ֆրանցիսկոս Առաջինը որ՝ հաստատ: Նա զբաղված է շատ այլ կարեւոր գործերով, որոնք խոշոր հաշվով հնարավոր է բնորոշել որպես Կաթոլիկ եկեղեցու վարկի եւ հեղինակության, համաշխարհային առաքելության խորքային վերափոխում: Երկու տարի Ֆրանցիսկոս Պապը զբաղված է այդ գործով ու առաքելությամբ, եւ հատկանշական է, որ այդ ընթացքում նա Վատիկանի գործընկեր է ընտրել նաեւ Հայաստանը, դրա պատմա-քաղաքական եւ քաղաքակրթական նշանակությամբ:

Բայց դա իհարկե Հայաստանին մատուցված շնորհ չէ, այլ փոխադարձ աշխատանքի արդյունք, եւ մյուս կողմից Հայաստանի վրա դրված ահռելի պատասխանատվություն՝ շարունակվող աշխատանքի համար:

Պատասխանատվության այդ ահռելի իրողության ֆոնին, ոսկե գավազանի նվիրաբերումն ու այդ նվիրատվության ընդունումը պատմա-քաղաքակրթական անպատասխանատվություն է ժամանակի ու մարտահրավերների առաջ:

Ընդ որում, բանը կենցաղային մակարդակում չէ, երբ 5 կգ ոսկին կարող էր ծառայել ենթադրենք մի չքավոր ընտանիքի, կամ մի հիվանդի բուժման, կամ էլ ասենք բանակի որեւէ կարիքի: Վերջին հաշվով, տեսականում չի էլ բացառվում, որ Գարեգին Երկրորդը հենց այդպես էլ անի, ու որ Գարուն Քոչարյանն էլ անում է նաեւ այդպիսի շատ ու շատ բարի գործեր:

Խնդիրը մտածողության, վարքի, հանրությանն ուղղվող ազդակների դաշտում է, ու նաեւ հենց այդ համատեքստում էլ խիստ խորհրդանշական՝ Նարեկացու եւ Հայաստանի վատիկանյան արձանագրման ֆոնին:

Ու նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի հանրային վարկի եւ վարքագծի բարելավման առանցքային խնդրի ֆոնին, որ առկա է արդեն տարիեր շարունակ: ՀԱԵ-ն իր վարքագծով բացարձակապես անհաղորդ է հասարակության խորքային խնդիրներին, միեւնույն ժամանակ՝ խիստ ներդաշնակ հակապետական համակարգի կոնյուկտուրային խնդիրներին:


© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com