Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Տարօրինակություններ Կոլումբիա-Պերու խաղից, որի պատճառով Չիլին դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Lragir.am
Սպորտ - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 12:38


Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտում վերջին տուրում մի քանի դրամատիկ խաղեր տեղի ունեցան:

Մասնավորապես Չիլիի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Բրազիլիային: Չիլիի պարտության պարագայում Պերու-Կոլումբիա խաղում կողմերին ձեռնտու էր ոչ-ոքի արդյունքը, որի դեպքում Կոլումբիան կորակավորվեր եզրափակիչ փուլին, իսկ Պերուն կմասնակցեր փլեյ-օֆֆ խաղերին:

Պերու-Կոլումբիա խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Ընդ որում, շատ տարօրինակ գոլ խփեց Պերուի հավաքականը: Ազատ հարվածի ժամանակ պերուացի հարձակվող Գերերոն գնդակը խաղարկելու փոխարեն միանգամից հարվածեց դարպասին, իսկ Կոլումբիացի դարպասապահ Դավիդ Օսպինան նետվեց դեպի գնդակը և կարծես միտումնավոր դիպավ դրան, որպեսզի գոլն արձանագրվի:

Պերուի գոլի պահին Չիլիի հավաքականն արդեն պարտվում էր 0-2 հաշվով: Խաղից հետո նաև տեսանյութ տարածվեց, որի ժամանակ Կոլումբիայի հավաքականի ավագ Ռադամել Ֆալկաոն պերուացի կիսապաշտպանի հետ ինչ-որ խոսակցության մեջ էր մտել, և ինչպես պարզվեց հետագայում, նրանք խոսում էին խաղը ոչ-ոքի ավարտելու մասին, քանի որ դա ձեռնտու էր երկու կողմերին:

Նման տարօրինակությունների պատճառով Չիլիի հավաքականը իջավ 6-րդ տեղ և զրկվեց նույնիսկ փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությանը որակավորվել են նաև Բրազիլիայի, Ուրուգվայի և Արգենտինայի հավաքականները:


© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com