Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Արտագնա աշխատանքի ահավոր հետեւանքները

Lragir.am
Տեսանյութ - Ուրբաթ, 13 Ապրիլի 2018, 13:22



Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատանքը լուծում է մարդկանց սոցիալական խնդիրները, բայց փոխարենն առաջանում են առողջապահական բազմաթիվ խնդիրներ: Վերջին տարիներին այստեղ կանանց շրջանում աճել են ողնաշարի հետ կապված տարբեր հիվանդությունները: Lragir.am-ի հետ զրույցում մարզի ընտանեկան բժշկուհի Լուսինե Մուսոյանը մանրամասնել է, թե ինչ առողջական խնդիրներ են տարածված Գեղարքունիքում:

«Եվ հոգեբանական, և առողջական խնդիրներ ունեն կանայք, որոնք տարվա մեծ մասը՝ 7-8 ամիսը առանց տղամարդկանց են ապրում: Կանայք փաստացի տղամարդու գործ են անում, ունենում ենք բազմաթիվ հիվանդներ՝ ողնաշարի, ոսկրերի ու մկանների հիվանդություններով: Մյուս կողմից, հոգեբանական խնդիրներն են ավելացել, որովհետև պատասխանատվությունը կանանց վրա է: Մի անգամ դպրոցում ասացի՝ ինչ անկարգ են երեխաները, ուսուցչուհին պատասխանեց՝ բա ի՞նչ լինեն, միակողմանի ծնողազուրկ են մեծանում այս երեխաները», ասում է Լուսինե Մուսոյանը:

Նրա խոսքով՝ Գեղարքունիքում ընտանիքները լիարժեք չեն, բայց հստակ հետազոտություններ չկան, թե այս ոչ լիարժեքությունը ինչպես է ազդում ընտանիքի հոգեբանության վրա: 

Մյուս խնդիրն այն է, որ տղամարդիկ սեռավարակներով վերադառնում են արտագնա աշխատանքից ու վարակում իրենց կանանց: Այդ է պատճառը, որ մարզում ավելացել են նաև այս հիվանդությունները:

Մանրամասները տեսանյութում

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com